ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Դեմոկրատիա կոչեցյալի իրական խորքային իմաստն այլևս հնարավոր չէ թաքցնել

Դեմոկրատիա կոչեցյալի իրական խորքային իմաստն այլևս հնարավոր չէ թաքցնել
26.05.2025 | 13:11

Միաբևեռ աշխարհից դեպի բազմաբևեռ անցումը խոստանում է ունենալ այնպիսի հետևանքներ, որոնց մասին միաբևեռ դոմինանտության պայմաններում նույնիսկ հնարավոր չէր ենթադրել։

Մասնավորապես, խոսքն ամբողջ աշխարհում դեմոկրատիա կոչեցյալի սիստեմատիկ նահանջի մասին է, որը կապված է արևմտյան անմրցակից կապիտալիզմի համար նոր գլոբալ մրցակիցներ հայտնվելու և գլոբալիզացիայի ընդհանուր պրոցեսի նահանջի հետ։

Սովորաբար արևմտյան քարոզչությունը միշտ էլ քննադատել է ուրիշ երկրներին, որ նրանցում իսկական դեմոկրատիան բացակայում է, և ընտրություններում միշտ հաղթում են նախապես պաշտոնապես հաստատված թեկնածուները, որի հետ, ընդհանուր առմամբ, կարելի է համաձայնել՝ հաշվի առնելով ԽՍՀՄ-ում և հետխորհրդային երկրներում ու շատ այլ տեղերում այդ պրոցեսի ակնհայտ իմիտացիան։

Այս հանգամանքը պարզապես խոսում է այն մասին, որ ամեն տեղ հասարակության կյանքի կառավարման բոլոր հարցերը լուծվում են վերնախավի տվյալ պահին դոմինանտ դիրք ունեցող միջուկի կողմից, որը տարբեր հանգամանքներում կարող է ունենալ ամենատարբեր բնույթի հզորություններ՝ զուտ ֆիզիկական, ֆինանսական, դրսի ուժի վրա հիմնված, մանիպուլյատիվ, բացահայտ ավազակային և այլն։

Բայց, ինչպես ցույց տվեցին վերջերս Ռումինիայում անցկացված նախագահական ընտրությունները, նման «դեմոկրատական» երկրում էլ տեղի ունեցան բաներ, որոնք, ըստ արևմտյան քարոզչության, հատուկ են միայն ուրիշների տոտալիտար մտածողությանը։

Բանն այն է, որ Ռումինիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթել էր Ջորջեսկուն, որը իրական շանսեր ուներ հաղթելու նաև երկրորդ փուլում, բայց հետո այդ երկրի Սահմանադրական դատարանը ամբողջությամբ չեղարկեց ընտրությունները, բացատրելով դա ընտրությունների պրոցեսին ռուսական միջամտությամբ, որն էլ հետագայում չապացուցվեց։

Դրանից հետո էլ, երբ փետրվար ամսին Ջորջեսկուն երկրորդ անգամ էր գնում գրանցելու իր թեկնածությունը, հետաձգված ընտրություններին մասնակցելու համար, ոստիկանությունը նրան ձերբակալեց, և մեղադրանք հարուցվեց նրա նկատմամբ։

Նման բազմաթիվ ոչ դեմոկրատական մանիպուլյացիաների արդյունքում Ռումինիայի նախագահ դարձավ լիբերալ Նիկուշոր Դանը, որը Բրյուսելին ձեռք էր տալիս։

Դեմոկրատիայի նման սիստեմատիկ նահանջի վառ օրինակը էր նաև Ստրոս Կանի հայտնի դեպքը, որը, ժամանակին լինելով ԱՄՀ-ի (Արժույթի միջազգային հիմնադրամ) գործադիր տնորեն, բոլոր շանսերն ուներ Ֆրանսիայի 2012 թվի նախագահական ընտրություններում իր թեկնածությունը դնելու և հաղթելու համար, սակայն դա չկարողացավ անել իր նկատմամբ կեղծ սեռական բնույթի մեղադրանքի պատճառով, որը հետագայում սուտ դուրս եկավ, բայց արդեն ուշ էր։

Նման մանիպուլյացիայի արդյունքում էլ Էմանուել Մակրոնը դարձավ Ֆրանսիայի նախագահ, և դրան էլ հետևեց ներկայում Մարին Լը Պենի հետ կատարվող ամեն ինչը, որը հազիվ թե իր բնույթով կապ ունենա դեմոկրատիա ասվածի հետ։

Բավարարվելով բերված օրինակներով, անցնենք այն հարցին, թե ինչու դեմոկրատիայի նման գլոբալ նահանջը ոչ միայն պատահական չէ, այլ նաև խիստ օրինաչափ և օրգանապես կապված է աշխարհաքաղաքական անցման հետ միաբևեռ աշխարհակարգից բազմաբևեռին։

Դեմոկրատիա ասվածն ինքը, լինելով կապիտալիզմի և դրա հիման վրա կառուցված միաբևեռ աշխարհակարգի ծնունդ, և որի նպատակը արագ փոփոխվող պայմաններում կապիտալի կուտակման պրոցեսի ինտենսիվացումն էր՝ մարդկանց որոշակի դոզայով ազատություն, իրավունք ու կրթություն տալով ու միաժամանակ այնպիսի իշխանափոխության տեխնոլոգիա ստեղծելով, որ մարդկանց թվա, թե իրենք են որոշում ընտրությունների միջոցով՝ ով պետք է լինի հերթական իշխանությունը։

Իսկ իշխանափոխության այդ տեխնոլոգիայի առանցքային գաղափարն էլ բազմակուսակցականությունն էր, որի իմաստն էլ կայանում էր նրանում, որ ընտրությունների վերջնակետին հասնեն միայն այնպիսի թեկնածուներ, որոնք նախօրոք արդեն ձեռք են տալիս և՛ կապիտալին, և՛ նրա հովանավորած ընթացիկ իշխանությանը։

Կապիտալի կողմից կառավարվող իշխանափոխության այս պրոցեսը էֆեկտիվ էր մինչև այն ժամանակ, երբ արևմտյան կապիտալը մրցակից չուներ աշխարհում, բայց իրավիճակը փոխվեց, երբ աշխարհում, ոչ արևմտյան տեսակի մենթալիտետային պայմաններում առաջացան այլ տեսակի գլոբալ հզորություններ՝ Չինաստանի ու Ռուսաստանի նման, որոնց արևմտյան գաղափարախոսությունը բնորոշում է որպես տոտալիտար։

Անկախ այդ բնորոշումից, բարձր մակարդակի մրցակցային պրակտիկան ցույց տվեց, որ վերջիններս, ունենալով իշխանությունների բաժանման նույն մեխանիզմը, ինչ որ արևմտյան դեմոկրատական հորջորջված երկրներում է, իշխանության ավելի կենտրոնացվածությունը տոտալիտար կոչեցյալների մոտ, կրիտիկական իրավիճակներում արագ որոշումներ կայացնելու իմաստով, համեմատած արևմտյան դեմոկրատիաների հետ, ավելի էֆեկտիվ է իր ակնհայտ օպերատիվության պատճառով։

Դրանից բացի, կա նաև դասական կապիտալիզմի, որպես զարգացման պարադիգմի ինքնահագեցման ու դրա հետ կապված դեկադանսի երևույթը, որը հզոր մրցակիցների բացակայության դեպքում իրեն շատ զգացնել չէր տալիս, բայց, ավելի ակտիվ նորերի ասպարեզ գալուն զուգնթաց, իրավիճակը արագ փոխվում է։

Դա նշանակում է, որ միաբևեռության նահանջին զուգընթաց նահանջ է ապրում նաև նրա ծնունդ դասական դեմոկրատիայի գաղափարը, որի արտահայտություններն էլ հենց իշխանափոխության պրոցեսում վերը բերված օրինակներն են։

Այսինքն, դեմոկրատիա կամ ժողովրդավարություն կոչեցյալի իրական խորքային իմաստի և տոտալ քարոզչության կողմից նրան վերագրվող իմաստի տարբերությունը, որը երկար ժամանակ արևմտյան գաղափարախոսությանն ու կապիտալին հաջողվում էր թաքցնել մրցակիցներ չունենալու պատճառով, ներկա մրցակցային պայմաններում այլևս հնարավոր չէ թաքցնել։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1023

Մեկնաբանություններ